top of page
Search
Kaizen Mastery

Ինչպե՞ս լինել լավատես և սիրել կյանքը, երբ անսպասելի խնդիրներ են առաջ գալիս

Հետաքրքիր խաղ. ի՞նչ եք տեսնում


Լինում են չէ՞ այնպիսի օրեր, երբ արթնանում եք՝ գիշերը լավ չքնած, առավոտյան նախաճաշելիս պատահմամբ թեյը թափում եք Ձեզ վրա, հայտնվում եք խցանման մեջ կամ անսպասելի խնդիրներ են առաջ գալիս աշխատավայրում:

Որպես կանոն, օրվա մեջ թեկուզ մեկ անգամ հայտնվելով որևէ տհաճ իրավիճակում՝ Դուք հաճախ չգիտակցելով անգամ, դարձնում եք այդ մեկ տհաճ միջադեպը Ձեր ամբողջ օրվա կիզակետը կամ առանցքը, որի շուրջ էլ պտտվում եք ամբողջ օրվա ընթացքում:

Հիմա նայե՛ք տեսանյութում պատկերված նկարին ու ասեք. «Ի՞նչ եք տեսնում էկրանին»: Շատ մարդիկ պատասխանում են՝ տեսնում եմ սև կետ, մոխրագույն կետ, տեսնում եմ սև կետ սպիտակի վրա և այլ:

Այս պատասխաններից յուրաքանչյուրն էլ ճիշտ է իր հերթին. այո՛, էկրանին կա սև կետ, որը ինչ-որ մարդկանց աչքին մոխրագույն է թվում, այո՛, էկրանի մնացած ամբողջ տարածությունը զբաղեցնում է սպիտակը, որը քչերն են նկատում:

Մեր թեմայի շրջանակներում այս նկարը խորհրդանշում է մարդկային կյանքը:


Մարդկային կյանքը՝ իր բոլոր գույներով

Նկարի վրա կա սևը, նմանապես, յուրաքանչյուրիս կյանքում էլ կան խնդիրներ: Գուցե ինչ-որ մարդկանց կյանքում այդ սև կետը բավական փոքր է, մյուսների մոտ՝ ավելի մեծ, բայց այդ կետը գոյություն ունի բացառապես յուրաքանչյուրիս կյանքում:

Միևնույն ժամանակ, ինչպես նկարում, այնպես էլ յուրաքանչյուրիս կյանքում, կա սպիտակը, կա լուսավորը, կա դրականը: Որպես կանոն, յուրաքանչյուրիս կյանքում այդ դրականն ու լուսավորը քանիցս գերազանցում է բացասականին:

Կարևոր հարցն այն է, թե ինչի վրա ենք մենք որոշում կենտրոնանալ. չէ՞ որ հենց դրանից էլ ստեղծվում է մեր կյանքի որակը:

Ցավոք սրտի, ամենից հաճախ մարդիկ կառչում են բացասական երևույթներից ու հակված են անտեսել, չնկատել այն ամեն լավը, այն ամեն դրականն ու լուսավորը, որ կա մեր կյանքում: Այդ իսկ պատճառով բաց ենք թողնում բազում հնարավորություններ՝ մեր կյանքում երջանկություն սերմանելու համար:

Ահա թե ինչու, լայֆ քոուչ Արևիկ Հայրապետյանն առաջարկում է Ձեզ մի փոքրիկ վարժություն, որի շնորհիվ Դուք կսովորեք մարզել, վարժեցնել ինքներդ Ձեզ՝ կենտրոնանալու հենց դրականի վրա:


Կյանքի օրագիր լուսավորի և դրականի համար

Այսպիսով, վերցրե՛ք մի օրագիր և ամեն օրվա վերջում, գուցե քնելուց առաջ, գրե՛ք 5 բան, որի համար երախտապարտ եք, որը լավ է ընթացել Ձեր օրվա մեջ, որը ժպիտ է հաղորդել Ձեր դեմքին ու օգնել մի փոքր ավելի շատ սիրել կյանքը:

Միայն գրի առնելով այդ 5 դրական բաները, որ տեղի են ունեցել Ձեզ հետ օրվա ընթացքում, Դուք ակտիվացնում եք դրականի, լուսավորի, երջանկության «ռեժիմը» Ձեր կյանքում:

Սա ամենօրյա փոքրիկ սովորություն է, որը միանգամայն նոր մակարդակի կարող է հասցնել Ձեր կյանքը՝ փոխարինելով հուսահատության կամ հոռետեսության հոգեվիճակները՝ լավատեսությամբ, երախտագիտությամբ:


Շնորհակալ եմ ...

Երբ ամեն երեկո, նույնիսկ «վատ» թվացող օրվա վերջում, երբ Ձեզ թվում է, թե ամեն բան «թարս» է գնացել կամ ոչ մի բան Ձեզ մոտ չի ստացվում, Դուք էլի բացում եք Ձեր օրագիրը և թեկուզ 3 րոպե տրամադրում նպատակային կերպով Ձեր կյանքում հենց լավը, հենց դրականը տեսնելուն ու այդ ամենը գրի առնելուն, Դուք դրանով ասես ուղերձ եք ուղարկում տիեզերքին ու ասում եք՝ սա է ինձ համար կարևորը, հենց այս դրականի վրա եմ ցանկանում կառուցել իմ կյանքը, իմ ապագան:

Օրինակ, երբ Ձեր երախտագիտությունների օրագրում գրում եք, թե որքան երախտապարտ եք Ձեր երեխայի ժպիտը տեսնելու համար կամ նրա համար, որ հնարավորություն ունեք մաքուր ջուր խմելու կամ վայելելու արևի ջերմությունը կամ մաքուր օդ շնչելու, Դուք դրանով գիտակցաբար որոշում եք կայացնում, որ ոչ մի առաջ եկող խնդիր՝ լինի դա աշխատանքի վայրում, թե այլուր, չի կարող ստիպել Ձեզ անտեսել այն ամենը, ինչի համար երախտապարտ եք:

Գիտական ուսումնասիրություններ և էքսպերիմենտներ


Հարկ է նշել, որ բազմաթիվ ուսումնասիրություններ ու էքսպերիմենտներ ապացուցում են, որ այս փոքրիկ սովորությունը զորեղ միջոց է սթրեսը հաղթահարելու համար, երբեմն առավել զորեղ, քան տասնյակ հակադեպրեսանտներն ու դեղահաբերը:

Այս պրակտիկան զորեղ միջոց է լավատես դառնալու, կյանքի ու ապագայի նկատմամբ հույսով լցվելու: Կիրառելով այն՝ Դուք անխուսափելիորեն Ձեզ ավելի երջանիկ եք դարձնելու:

Չէ՞ որ հենց այս քայլով, Դուք ասես վարժեցնում եք ինքներդ Ձեզ՝ բազմաշերտ իրականության մեջ տեսնելու հենց լավը, հենց լուսավորը: Ու գիտե՞ք ամենագեղեցիկը, ամենակախարդականը այստեղ որն է. այն, որ որքան կենտրոնանում եք դրականի վրա, այնքան ավելի շատ առիթներ են ստեղծվում այդ դրականը տեսնելու համար:

Ոչ թե այն պատճառով, որ բացասականը ընդհանրապես գոյություն չունի, այլ պարզապես այն պատճառով, որ Դուք Ձեր ընտրությամբ դուրս եք թողնում այդ բացասականը Ձեր տեսադաշտից, ու այն այլևս չի ազդում Ձեր կյանքի որակի վրա:


Ընտանեկան ավանդույթ

Կարող եք նույնիսկ այս վարժությունն անել Ձեր ընկերոջ կամ ընկերուհու, Ձեր սիրած էակի, Ձեր ընտանիքի անդամների հետ: Ի~նչ լավ կլիներ, եթե սուրճի սեղանին կամ ճաշի ժամանակ ընտանիքներում լիներ ավանդույթ ամեն օր կիսվել միմյանց հետ իրենց երախտագիտության խոսքերով:

Եթե դեռ թերահավատ եք, պարզապես փորձե՛ք կիրառել այս պրակտիկան ընդամենը մեկ շաբաթ, այսինքն՝ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ամեն օր գրեք 5 բան, որի համար երախտապարտ եք ու այնպես, որ ամեն օր գրեք նոր բաներ, այսինքն՝ մեկ շաբաթ հետո Ձեր օրագիրը լցված կլինի 35 երևույթներով ու մարդկանցով, ինչի համար երախտապարտ եք ու պատկերացրեք՝ ինչ կլինի մեկ ամիս կամ մեկ տարի հետո՝ այս պրակտիկան կիրառելու դեպքում:

 

Կայզեն TV-ի մասին

Շնորհակալ ենք Կայզեն TV-ի այս հաղորդմանը հետևելու համար:

Եթե այն օգտակար էր Ձեզ համար, ապա կիսվեք այս տեսանյութով սոցիալական մեդիայի Ձեր էջերում և բաժանորդագրվեք մեր ալիքին:

Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :)

Եվ եթե ուզում եք, որ Ձեր հարցը նույնպես հնչի ԿայզենTV-ի եթերում, ապա ուղարկեք մեզ Ձեր հարցերը նամակի տեսքով Kaizen Mastery ֆեյսբուքյան էջին:

Ձգտե՛ք Կատարելության...

Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտ

0 comments

Comments


bottom of page