Ինքնաճանաչում, ինքնաբացահայտում և քոուչինգ
Որպես քոուչ` իմ կարևոր գործառույթներից մեկն է օգնել իմ հաճախորդներին և առհասարակ մարդկանց դառնալ առավել գիտակից, այսինքն՝ սկսել ավելի լավ ճանաչել իրենք իրենց:
Ինքնաճանաչումը ինքներս մեզ՝ մեր վարքագիծը, մեր մտքերն ու էմոցիաները ուսումնասիրելու գործընթաց է, այլ կերպ ասած՝ ինքներս մեզ «կողքից նայելու» ունակություն:
Ինքնավերլուծություն. ո՞վ եմ ես
Ինքնաճանաչումը, ինքնաբացահայտումը ցանկացած դրական փոփոխության սկիզբն է: Թերևս մտածում եք. «ինձնից ավելի լավ ոչ ոք ինձ չի ճանաչում»: Այնուամենայնիվ առաջարկում եմ դիտարկել այն փաստը, որ Ձեր ճանաչած «ես»-ի 90%-ը Դուք չեք: Այսինքն՝ Դուք ունեք արժեքներ, համոզմունքներ կյանքում, որոնց ամուր կառչած եք, բայց դրանք ընդամենը շրջապատի մարդկանց կողմից ընդօրինակված արժեքներ ու համոզմունքներ են, որոնց Դուք կյանքի այս կամ այն փուլում այնքան եք հավատացել, որ, թվում է, այդ համոզմունքներն ու արժեքները Ձեր ինքնության մասն են, որ այդ համոզմունքներից ու արժեքներից այն կողմ՝ Դուք գոյություն չունեք:
Օգտակար խորհուրդներներ և իմաստուն մտքեր ինքնաճանաչման համար
Խորհուրդ 1-ին՝ Ձեր օրագրում կամ թղթի վրա հատ առ հատ գրի առնեք Ձեր համոզմունքներն ու արժեքները, այնուհետև տվեք Ձեզ հետևյալ հարցերը՝
Ինչպե՞ս է ձևավորվել իմ այս համոզմունքը: Ումի՞ց եմ այն ընդօրինակել: Կա՞ր ժամանակ իմ կյանքում, երբ ես այլ կերպ էի մտածում: Իսկ ի՞նչ եթե այս համոզմունքը բացարձակ ճշմարտություն չէ:
Ենթադրենք՝ Դուք ձգտում եք բարձր պաշտոն զբաղեցնել որևէ ընկերությունում ու համարում եք, որ դա է Ձեր՝ հաջողակ մարդ լինելու կամ այդպիսինը համարվելու չափանիշը ու մինչև չհասնեք այդ պաշտոնին՝ Դուք Ձեզ երջանիկ ու բավարարված չեք կարող զգալ: Դուք առավոտից երեկո աշխատում եք, որպեսզի վերջապես ստանձնեք այդ բաղձալի պաշտոնը: Իրականում ոչ մի վատ բան չկա մեծ ձգտումներ ունենալու մեջ: Պարզապես մի պահ խորը շունչ քաշեք և տվեք Ձեզ հետևյալ հարցը՝ «Ո՞վ է ինձ ասել կամ իմ կյանքի ի՞նչ իրադարձությունների արդյունքում եմ ես եկել այն համոզմանը, որ մարդու զբաղեցրած պաշտոնն է նրա երջանիկ լինելու գրավականը: Իսկ ի՞նչ, եթե դա այդպես չէ: Եթե ես իմանայի, որ իմ՝ երջանիկ ու հաջողակ լինելը պայմանավորված չէ որևէ պաշտոնով, արդյո՞ք ես կշարունակեի վազել այդ պաշտոնի հետևից»:
Ձեր պատասխանն այս հարցին կարող է լինել «այո», բայց այն կարող է լինել նաև «ոչ»: Որպեսզի կարողանաք հասկանալ, թե որն է Ձեր ներքին ճշմարտությունը այս հարցի շուրջ, պետք է խորհեք՝ ինքներդ Ձեզ հետ լինելով լիարժեք անկեղծ և բացահայտեք այս համոզմունքի սկզբնաղբյուրը:
Ժամանա՛կ հատկացրեք Ձեր արժեքների և համոզմունքերի մասին խորհելու համար, գրե՛ք Ձեր անկեղծ խոհերը Ձեր օրագրում ու ժամանակի ընթացքում Դուք կսկսեք ինքներդ Ձեզ հետ ավելի մերձենալ, կսկսեք առավել լավ ճանաչել ու հասկանալ ինքներդ Ձեզ: Եվ ամենակարևորը՝ Ձեր ներքին ճշմարտությունը կսկսի լուսավորել Ձեզ, ինչպես արևն է լուսավորում մեզ, երբ ամպերը ցրվում են:
Նկարի աղբյուր՝ Pexels.com
Միջանձնային հարաբերություններ
Խորհուրդ 2-րդ՝ Սկսե՛ք ուշադիր լինել այն ամենին, ինչը հատկապես վանում է, նյարդայնացնում է Ձեզ այլ մարդկանց մեջ: Հաճախ այն ամենը, ինչը սուր ռեակցիա է առաջացնում մեր մեջ այլ մարդկանց վարքագծում, նշանակում է, որ այլ մարդկանց վարքագծում դրսևորված հատկանիշներն իրականում մեր ներքին ճնշված մասնիկների արտացոլանքներ են, որոնք մենք չեն ուզում ընդունել:
Հարցրե՛ք ինքներդ Ձեզ. «Ինչո՞վ ես նման այս մարդուն, գոնե ինչ-որ չափով»: Օրինակ՝ երբ ինչ-որ մեկին պիտակում եք որպես՝ ժլատ, ագրեսիվ, ծույլ կամ ալարկոտ, ու նման վարքագիծը Ձեզ խիստ նյարդայնացնում է, հարցրե՛ք ինքներդ Ձեզ. «Որքանո՞վ եմ ես ինքս ժլատ, ագրեսիվ, ծույլ կամ ալարկոտ»:
Ինքներդ Ձեզ այս հարցը տալը շատ անհարմարավետ է լինելու, ու Ձեր առաջին արձագանքը լինելու է դիմադրությունը. «Ես ընդհանրապես ժլատ, ագրեսիվ, ծույլ կամ ալարկոտ չեմ»: Ամեն դեպքում տվե՛ք Ձեզ հնարավորություն մտածելու այս հարցի շուրջ և ինքներդ Ձեզ հետ անկեղծ լինելու արդյունքում գուցե հասկանաք, որ ինքներդ եք ժլատ, ագրեսիվ, ծույլ կամ ալարկոտ, բայց քանի որ այդ փաստի գիտակցումը Ձեզ համար շատ տհաճ է ու անընդունելի, Դուք պարզապես նախընտրում եք հերքել այդ հատկանիշներից որևէ մեկի գոյությունը Ձեր մեջ: Բայց արի ու տես, որ այդ հատկանիշները հօդս չեն ցնդում, դրանք պարզապես դուրս են մղվում Ձեր գիտակցականից, ու Դուք սկսում եք այդ հատկանիշները տեսնել այլ մարդկանց մեջ:
Սա չի նշանակում, որ դիմացինը օբյեկտիվորեն ժլատ կամ ագրեսիվ չէ, նա կարող է լինել այդպիսին ու կարող է չլինել այդպիսին: Մինչև այլ մարդկանց ավելի լավ ճանաչելը և հասկանալը, սկսե՛ք ճանաչել ու հասկանալ ինքներդ Ձեզ:
Ինչպիսի՞ մարդ եմ ես
Խորհուրդ 3-րդ՝ Ներգրավե՛ք Ձեր շրջապատի մարդկանց Ձեր ինքնաճանաչման պրոցեսում: Սա շատ համարձակ քայլ է Ձեր կողմից. չէ՞ որ հարցնելով կարծիք Ձեր մասին` Դուք Ձեզ դնում եք խոցելի վիճակում: Ահա թե ինչու այդքա~ն կարևոր է, որ Դուք Ձեր մասին կարծիք հարցնեք այն մարդկանցից, ովքեր ունեն գիտակցվածության բարձր մակարդակ, ընդունակ են անկեղծ լինել Ձեզ հետ և իրենց կարծիքը, հատկապես քննադատությունը, կիսելիս նպատակ ունեն օգնել Ձեզ աճել ու զարգանալ, այլ ոչ թե ինքնահաստատվել:
Եթե այդպիսի նույնիսկ մեկ մարդ կա Ձեր շրջապատում, այնպայման հարցրե՛ք այդ մարդուն. «Ի՞նչ կարծիք ունես իմ մասին, իմ բնավորության ո՞ր գծերն ես գնահատում, ի՞նչը կառաջարկեիր բարելավել»: Անկեղծ հետադարձ կապի արդյունքում կարող է բացահայտվել, որ դիմացինի կարծիքով՝ Դուք հակված եք զրույցի ժամանակ շարունակաբար ընդհատել Ձեր զրուցակցին կամ ընդհանրապես ներկա չեք խոսակցության ժամանակ, ու դա ստիպում է դիմացինին մտածել, որ նա լսված ու գնահատված չէ Ձեր կողմից:
Իհարկե, սա չի նշանակում, որ այլ մարդկանց արած ամեն մի դիտարկում Ձեր մասին բացարձակ ճշմարտություն է: Ցանկացած դեպքում այդ կարծիքները մեծապես կարող են օգնել Ձեզ՝ առավել լավ հասկանալ Ձեր վարքագծի ազդեցությունը այլ մարդկանց վրա և եթե կան բացասական հետևանքներ, ապա կատարել անհրաժեշտ փոփոխությունները:
Բնավորության գծեր
Փոքրիկ գաղտնիք բացեմ. հաճախ մենք անտեղյակ ենք ոչ միայն մեր բացասական որակների, այլև դրական որակների մասին, ու որոշ դեպքերում միայն այլ մարդիկ կարող են օգնել մեզ գիտակից դառնալ այդ որակների մասին: Որպես օրինակ՝ կարող է բացահայտվել, որ Ձեզ շրջապատող մարդիկ շատ գնահատում են Ձեր լսելու ունակությունը կամ ջերմ ընտանեկան միջոցառումներ կազմակերպելու Ձեր նախաձեռնողականությունը, բայց արի ու տես, որ Ձեր մտքով անգամ չէր անցել, որ դա առհասարակ կարևոր հատկանիշ է:
Անհրաժեշտ է հիշել, որ ինքնաճանաչման նպատակը մեզ կեղեքելը կամ պատժելը չէ: Մեր բացասական որակները մեզ համար դատավճիռ չեն. չէ՞ որ մեզանից յուրաքանչյուրը մարդկային էակ է, իսկ սխալվելը, թերություններ ունենալը՝ մարդկային էակ լինելու անբաժանելի մասնիկը: Բացասական որակները դատավճիռ են դառնում այն ժամանակ, երբ մենք ամեն կերպ խուսափում ենք դրանց առերեսվելուց: Մենք չենք կարող փոխել մի բան, որի մասին մենք գիտակից չենք, որին մենք չեն առերեսվում ու որից շարունակաբար փախչում ենք:
Ինքնաճանաչման դրական հետևանքները բազմազան են՝ ավելի լավ մարդկային հարաբերություններ, ավելի լավ տրամադրություն, հաղորդակցման հմտությունների բարելավում, պարզ ու հստակ միտք, որոշումներ կայացնելու ունակության զարգացում, բարձր արդյունավետություն, ինչպես նաև բազմաթիվ այլ դրական փոփոխություններ, որոնք նպաստում են մեր կյանքի որակի բարելավմանը:
Շնորհակալ ենք Կայզեն TV-ի այս հաղորդմանը հետևելու համար:
Եթե այն օգտակար էր Ձեզ համար, ապա կիսվեք այս տեսանյութով սոցիալական մեդիայի Ձեր էջերում և բաժանորդագրվեք մեր ալիքին:
Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :)
Եվ եթե ուզում եք, որ Ձեր հարցը հնչի և իր պատասխանը ստանա ԿայզենTV-ի եթերում, ապա ուղարկեք մեզ Ձեր հարցերը նամակի տեսքով Kaizen Mastery ֆեյսբուքյան էջին:
Ձգտե՛ք Կատարելության...
Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտ
Comments