Եղե՞լ է դեպք Ձեր կյանքում, երբ ստացել եք առաջարկ, որը արտաքինից շատ գրավիչ էր թվում, սակայն ինչ-որ բան ներսից Ձեզ ասում էր, որ պետք չէ ընդունել այդ առաջարկը:
Ներքին ձայն, ինտուիցիա (ներըմբռնում)
Ներքին ձայնը յուրաքանչյուր մարդու մեջ ապրող և նրան ուղղորդող իմաստությունն է: Ներքին ձայնը մեր ներսում ապրող անշոշափելի կողմնացույցն է, որն առաջնորդում է մեզ դեպի մեր կյանքի առաքելությունը իրագործելուն, մեր ներուժը ռեալիզացնելուն: Ինտուիցիան կամ ներըմբռնումը ներքին ձայնի ակնթարթային դրսևորումներից մեկն է՝ հաճախ ինսայթի տեսքով, որն ի հայտ է գալիս՝ առանց իրավիճակի գիտակցված վերլուծության:
Մեզանից յուրաքանչյուրն ունի ներքին ձայն: Կան մարդիկ, ովքեր լսելով սեփական ներքին ձայնը, այնուամենայնիվ որոշում են արհամարհել նրա ուղերձը և անել «այն, ինչն ուղղակի պետք է արվի»: Կան նաև մարդիկ, ովքեր պարզապես գիտակից չեն իրենց ներքին ձայնի գոյության մասին: Շատ մարդիկ, ովքեր չեն կարողանում լսել իրենց ներքին ձայնը, չեն լսում այն, ոչ թե այն պատճառով, որ այն գոյություն չունի, այլ այն պատճառով, որ հենց իրենք տարիներ շարունակ լռեցրել են այդ ձայնն իրենց մեջ:
Եթե մենք չենք լսում մեր ներքին ձայնի ուղերձը կամ լսելու դեպքում՝ շարունակաբար արհամարհում ենք այն, ապա Տիեզերքը մի շարք այլ ձևերով է փորձում հասցնել մեզ այդ ուղերձը, օրինակ՝ մեզ հանդիպող տարբեր իրադարձությունների, մարդկանց, կրկնվող իրավիճակների միջոցով:
Էմոցիաներ, հույզեր և ինտուիցիա
Հարկ է հասկանալ, որ մեր ներքին ձայնի արտահայտման ուղիներից մեկը մեր էմոցիաներն են: Այն մարդիկ, ովքեր չեն կարողանում լսել իրենց ներքին ձայնը, կորցրել են կապը նաև սեփական էմոցիաներց: Մեր էմոցիաները կողմնացույցի դեր են կատարում՝ օգնելով մեզ հասկանալ մեր անհատականության յուրօրինակ կարիքներներն ու նախասիրությունները՝ այն, ինչ ուզում ենք և ինչ չենք ուզում, այն, ինչ սիրում ենք և ինչ չենք սիրում:
Հետաքրքիր է՝ ինչու՞ ենք մենք որոշել լռեցնել մեր ներքին ձայնը և մեզնից հեռու վանել սեփական էմոցիաները. չէ՞ որ կար ժամանակ, երբ մենք՝ որպես երեխաներ, (ներքին ձայնը լավագույնս արտահայտվում է հենց երեխաների մոտ) գիտեինք, թե ինչ ենք զգում, ինչ ենք ուզում և ինչ չենք ուզում ցանկացած պահի:
Պատճառն այն է, որ եկավ մի պահ, երբ մեծահասակները սկսեցին չնկատել, չընդունել և նույնիսկ արհամարհել մեր էմոցիաները: Մեծահասակների կողմից բացասական արձագանքի արժանանալով՝ երեխաները սկսում են կորցնել վստահությունը սեփական ներքին ձայնի նկատմամբ և ճնշել այն: Քանի որ յուրաքանչյուր երեխայի համար իր ծնողը կամ իր մասին հոգ տանող մեծահասակը ամեն ինչ է (չէ՞ որ հենց այդ մարդուց է կախված երեխայի գոյատևումը), երեխան հակված է առաջնորդվել հենց մեծահասակի ասածներով: Ահա թե ինչու մեծահասակի «ձայնը» կամա թե ակամա գալիս է լռեցնելու և փոխարինելու երեխայի ներքին ձայնին: Հենց այդ պահից սկսած կամաց-կամաց երեխան սկսում է կորցնել վստահությունը սեփական էմոցիաների նկատմամբ, նա սկսում է թույլ տալ իրեն զգալ միայն այն, ինչն ընդունելի է մեծահասակի համար և սկսում է արհամարել, իրենից հեռու վանել այն բոլոր էմոցիաները, որոնք ընդունելի չեն կամ չեն խրախուսվում մեծահասակի կողմից:
Ինչպե՞ս լսել ներքին ձայնի ուղերձը
Պետք չէ ակնկալել, որ Ձեր ներքին ձայնը միանգամից կմաքրվի այն ամենից, ինչը
տարիներ շարունակ լռեցրել է նրան: Պարզապես պետք է հիշել, որ մեր ներքին ձայնը անընդհատ հաղորդակցվում է մեզ հետ տարբեր ուղիներով և տրամադրում է մեզ անհրաժեշտ ինֆորմացիան : Մեզնից միմիայն պահանջվում է մաքրել այն ամենը, ինչը լռեցնում է մեր ներքին ձայնը և խանգարում նրանից բխող ինֆորմացիայի լիարժեք հոսքին:
Որպես առաջին քայլ՝ սկսե՛ք մերձենալ Ձեր էմոցիաների ու Ձեր մարմնի հետ: Օրվա մեջ տարբեր պահերի կա՛նգ առեք և փորձե՛ք ուշադրությամբ հետևել Ձեր մարմնական զգացողություններին: Որքան էլ որ այդ զգացողությունները աննշան լինեն, անպայման Ձեր ամբողջ ուշադրությունը ուղղե՛ք այդ զգացողություններին, փորձե՛ք մի քանի րոպե մնալ այդ զգացողությունների հետ, հասկանալ՝ ինչ են նրանք ուզում Ձեզ ասել: Գուցե այդ զգացողությունները ասում են Ձեզ, որ Դուք գերհոգնած եք ու հանգստի կարիք ունեք, գուցե ասում են, որ շարժվելու կամ ինչ-որ մեկի հետ խոսելու կարիք ունեք: Կարևոր է ոչ միայն հասկանալ, թե ինչ են ասում մեզ մեր մարմնական զգացողությունները և էմոցիաները, այլև անհրաժեշտության դեպքում հետևել նրանց հրահանգներին:
Վախեր, կպչուն մտքեր թե՞ ներքին ձայն
Ենթադրենք Դուք ցանկանում եք ինչ-որ որոշում կայացնել Ձեր անձնական կյանքի հետ կապված, սակայն բացասական մտքերը մեկը մյուսի հետևից գլուխ են բարձրացնում: Մի կողմից Դուք մտածում եք՝ «սա երևի իմ ներքին ձայնն է», մյուս կողմից մտածում եք՝ «չէ, սա հաստատ իմ ներքին ձայնը չէ, սա ուղղակի վախ է» ու արդյունքում չեք կարողանում որոշում կայացնել:
Եթե Դուք տարիներ շարունակ լռեցրել եք Ձեր ներքին ձայնը, ապա հասկանալի է, որ Ձեզ համար դժվար է տարբերակել Ձեր ներքին ձայնը Ձեր մեջ ապրող վախերից, կպչուն մտքերից, կասկածներից, Ձեր համոզմունքներից, նախկին փորձառությունների ազդեցության տակ առաջ եկած մտքերից: Որքան ավելի գիտակից դառնաք Ձեր ունեցած ենթագիտակցական ու անգիտակցական համոզմունքների ու վախերի մասին, այնքան ավելի լավ: Ահա թե ինչու անպայման պետք է անեք համապատասխան աշխատանք՝ Ձեր վախերն ու համոզմունքները վերհանելու ուղղությամբ:
Հարկ է գիտակցել, որ եթե Ձեր մեջ վախ կա, ապա այն ինչ-որ կարևոր բան ունի Ձեզ ասելու: Ես չեմ պնդում, որ այն, ինչ որ վախը ասում է Ձեզ, բացարձակ ճշմարտություն է: Բայց փաստն այն է, որ վախը, ջրի երես դուրս գալով, փորձում է Ձեզ իմաց տալ, որ Դուք չլուծված խնդիրներ ունեք: Քանի դեռ Ձեր խնդիրը չեք լուծել, այդ վախը շարունակելու է հետապնդել Ձեզ, ու Դուք տանջվելու եք՝ փորձելով գուշակել՝ սա Ձեր ներքին ձայնն է, թե Ձեր վախը կամ հերթական կչպուն մտքերը:
Նկարի աղբյուր՝ Unsplash.com
Աշխատանք վախերի հետ
Այսպիսով, որպեսզի կարողանանք տարբերակել մեր վախերը մեր ներքին ձայնից կամ ինտուիցիայից, պետք է նախևառաջ սկսենք ճանաչել մեր վախերը, հասկանալ, թե ինչ են այդ վախերն ուզում մեզ ասել, ինչպես նաև սովորենք բաց թողնել այդ վախերը նրանց հասկանալուց հետո:
Ձեր վախերի հետ ծանոթանալու առաջին քայլն է գրի առնել Ձեր բոլոր վախերը՝ հատ առ հատ: Երբ որևիցե ինտենսիվ բացասական էմոցիա եք զգում, նայեք այդ վախերի ցանկին և փորձեք հասկանալ արդյոք այդ վախերից ինչ-որ մեկն է ստեղծում այդ բացասական էմոցիոնալ վիճակը Ձեր մեջ, թե ոչ:
Երբ ինչ-որ վախ եք զգում, փորձե՛ք զգալ այդ վախը Ձեր մարմնում, նկատել, թե մարմնի որ մասում է արտահայտվում այդ վախը, ինչ կոնկրետ զգացողություններ է այն առաջ բերում Ձեր մարմնում՝ օրինակ կծկում կամ ձգում: Նման մոտեցման շնորհիվ Դուք սկսում եք ճանաչել Ձեր վախերից յուրաքանչյուրին՝ իր դրսևորմամբ: Երբ այդ վախերից որևէ մեկը նորից գլուխ բարձրացնի, Դուք կկարողանաք տարբերակել այն Ձեր ինտուիցիայից:
Մեր մտքերը ստեղծում են մեր իրականությունը
Հարկ է հասկանալ, որ եթե մենք չենք վերհանում մեր վախերը, լույս չենք սփռում մեր վախերի վրա, նրանք սկսում են ղեկավարել մեզ՝ ստիպելով մեզ անընդհատ կպչուն մտքեր ունենալ: Ինչպես հավանաբար արդեն գիտեք, մեր մտքերը ստեղծում են մեր իրականությունը: Եթե Դուք շարունակաբար վախերով լի մտքեր եք ունենում , ապա բնական է, որ այդ վախերը կարող են առաջ բերել հենց այնպիսի հանգամանքներ, որոնցից Դուք այդքան վախենում եք ու ձգտում եք ամեն կերպ փախչել դրանցից:
Շնչառական վարժություններ
Այսպիսով, եթե գիտակցում եք, որ Ձեր հին վախերն են գլուխ բարձրացրել, ուշադրությունը վախից կենտրոնացրեք Ձեր շնչառության վրա, ինչը կօգնի հանգստացնել Ձեր միտքը: Երբ զգաք, որ Ձեր միտքը հանգստացել է, պարզվել ու մաքրվել է ամեն տեսակի վախերի ազդեցությունից, ներքուստ կամ բարձրաձայն տվե՛ք Ձեր ներքին ձայնին այն հարցը, որի պատասխանը ուզում եք ստանալ: Հարցը տալուց հետո պարզապես լսե՛ք առանց որևէ ակնկալիքի, թե երբ կամ ինչպես եք ստանալու այդ հարցի պատասխանը:
Ինչպե՞ս է արտահայտվում մեր ներքին ձայնը
Ներքին ձայնի պատասխանը կարող է գալ տարբեր ուղիներով և տարբեր ձևերով: Թեև մենք կոչում ենք այն ներքին ձայն, այդ ձայնը կարող է դրսևորվել ոչ միայն մեր մեջ հնչող ձայնի, այլև զգացողությունների, էմոցիաների, պատկերների տեսքով: Դուք կարող եք լսել պատասխանը, տեսնել այն, զգալ այն կամ ուղղակի իմանալ պատասխանը, գուցե զգաք պատասխանը Ձեր մարմնում՝ սառնության կամ տաքության ձևով:
Հարկ է իմանալ, որ մեր ներքին ձայնը մեզ ինֆորմացիա է տալիս միանգամայն հանգիստ ու չեզոք տոնով՝ առանց մեզ որևէ բան պարտադրելու, առանց մեզ վրա հարձակվելու, մինչդեռ վախերն ու կպչուն մտքերը կարող են գրոհի տպավորություն թողնել: Ահա թե ինչու, եթե Դուք որևէ ինտենսիվ բացասական էմոցիա եք զգում, Դուք կա՛մ վախի հետ գործ ունեք, կա՛մ վախով աղավաղված ինտուիցիայի: Հիշե՛ք՝ մեր ներքին ձայնը, ինտուիցիան խոսում է մեզ հետ, վախերը խոսում են մեզ վրա:
Ինչպե՞ս որոշումներ կայացնել
Որոշումներ կայացնելիս, մի՛ շտապեցրեք պրոցեսը, խորհու՛րդ հարցրեք Ձեր ներքին ձայնից: Այնուհետև տվե՛ք նրան ժամանակ ու պարբերաբար խոսե՛ք նրա հետ, ինչպես կխոսեիք Ձեր լավ ընկերոջ հետ: Սա անելու ճիշտ կամ սխալ ձևեր չկան, վստահե՛ք ինքներդ Ձեզ ու վստահե՛ք պրոցեսին: Ձեզ ժամանակ տալը նրա համար չէ, որ փախչեք որոշում կայացնելուց, այլ նրա համար, որ անպայման հնարավորություն տաք Ձեր ներքին ձայնին արտահայտվելու:
Եթե ժամանակն անցնում է, իսկ Ձեր ներքին ձայնը Ձեզ ոչինչ չի ասում, դա միանգամայն նորմալ է. չէ՞ որ Դուք այդքան ժամանակ անտարբեր եք եղել նրա նկատմամբ: Բնական է, որ Ձեզնից ժամանակ է պահանջվելու Ձեր ներքին ձայնի հետ վստահություն ստեղծելու համար: :)
Կարող է լինել նաև այնպես, որ պատասխանը Ձեզ ընդառաջ գա ավելի ուշ՝ ինչ-որ մարդկանց, իրադարձությունների, երազների միջոցով: Եթե անհամբեր լինեք, ապա դրանով միմիայն կփակեք ներքին ձայնից եկող ինֆորմացիայի ճանապարհը: Պարզապես վստա՛հ եղեք, որ Ձեր ներքին ձայնը ճիշտ պահին և ճիշտ տեղում կհասցնի իր ուղերձը Ձեզ, եթե բաց եք այն ստանալու համար:
Ձեր ներքին ձայնը շարունակելու է փոխանցել Ձեզ իր ուղերձը՝ առանց ակնկալելու, որ Դուք պետք է անպայման ընդունեք այն: Ձեր ներքին ձայնը շարունակելու է փոխանցել Ձեզ իր ուղերձը այնքան ժամանակ, մինչև Դուք ի վերջո պատրաստ կլինեք այն ընդունել:
Մեր ներքին ձայնը սովորաբար խոսում է մեզ հետ շշուկով, դրա համար շատ կարևոր է լսել նրան ոչ թե ժամանակ առ ժամանակ կամ առիթից առիթ, այլ մեր ներքին ձայնով առաջնորդվելը պետք է լինի մեր ապրելակերպը՝ պահ առ պահ: Օրական 10 րոպե նստե՛ք լռության մեջ, ազատե՛ք Ձեզ ամեն տեսակի աղմուկից և հնարավորությու՛ն տվեք Ձեր ներքին ձայնին լսելի դառնալու:
Ժամանակի ընթացքում Ձեր ներքին ձայնի հետ ստեղծած փոխվստահության շնորհիվ, նրա հետ կապ հաստատելը ավելի ու ավելի հեշտ կդառնա:
Շնորհակալ ենք Կայզեն TV-ի այս հաղորդմանը հետևելու համար:
Եթե այն օգտակար էր Ձեզ համար, ապա կիսվեք այս տեսանյութով սոցիալական մեդիայի Ձեր էջերում և բաժանորդագրվեք մեր ալիքին:
Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :)
Եվ եթե ուզում եք, որ Ձեր հարցը հնչի և իր պատասխանը ստանա ԿայզենTV-ի եթերում, ապա ուղարկեք մեզ Ձեր հարցերը նամակի տեսքով Kaizen Mastery ֆեյսբուքյան էջին:
Ձգտե՛ք Կատարելության...
Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտ
Comments