Սիրել և սիրվել
ԿայզենTV-ի այս թողարկման ընթացքում լայֆ քոուչ Արևիկ Հայրապետյանը կիսվում է մի քանի օգտակար խորհուրդներով, որոնք կօգնեն Ձեզ սովորել սիրել ու գնահատել ինքներդ Ձեզ:
Այն, թե ինչպես են այլ մարդիկ վերաբերվում մեզ հաճախ պայմանավորված է նրանով, թե ինչպես ենք մենք ինքներս վերաբերվում մեզ, թե որքան ենք արժևորվում ինքներս մեզ:
Չէ՞ որ այն պահից սկսած, երբ մենք սկսում ենք սիրել ինքներս մեզ անպայմանականորեն, մենք դրանով իսկ հնարավորություն ենք տալիս այլ մարդկանց ևս սիրելու մեզ:
Ինքնավստահություն և սեր ինքդ քո նկատմամբ
Հավանաբար Ձեր մտքով էլ է անցել, որ Դուք կսկսեք սիրել Ձեզ ավելի շատ, հենց որ Ձեր դեմքը կամ մարմինը նման լինի գովազդային հոլովակի մոդելի դեմքին կամ մարմնին կամ հենց որ ձեռք բերեք որևէ թանկարժեք բրենդի մեքենա կամ հենց որ սկսեք աշխատել ինչ-որ հայտնի ընկերությունում կամ հենց որ հանդիպեք Ձեր երազանքների ասպետին կամ թագուհուն, ով անմնացորդ կսիրի Ձեզ, ինչից հետո էլ Դուք կսկսեք սիրել Ձեզ:
Այս ցանկը կարելի է հավերժ շարունակել:
Ցավոք, սա իսկական թակարդ է, որի մեջ միլիոնավոր մարդիկ են ապրում տարիներ շարունակ:
Հետաքրքիր է՝ ո՞վ է Ձեզ ասել, որ Դուք վերը թվարկված բաներից որևիցե մեկը պետք է ունենաք, որպեսզի արժանի լինեք սիրո: Սա հռետորական հարց է. չէ՞ որ բավական է նայենք մեր շուրջը և կտեսնենք, թե ինչպես են ծնողները, ուսուցիչները, հաճախ չկասկածելով անգամ, վաղ տարիքից երեխային վարժեցնում պայմանական սիրուն:
«Եթե մինչև վերջ ուտում ես իմ պատրաստած ճաշիկը, ուրեմն դու լավն ես, ես քեզ սիրում եմ: Իսկ եթե լաց ես լինում ու չես ուտում ճաշիկդ, ուրեմն ես քեզ էլ չեմ սիրում»:
«Եթե դու հաղթում ես դպրոցական օլիմպիադայում կամ երաժշտական մրցույթում, ապա դու շատ լավն ես, բոլորը քեզ սիրում են: Իսկ եթե հանկարծ ձախողես, ապա դու անպետքի մեկն ես, քեզնից բան դուրս չի գա»:
Այս ցանկը ևս կարելի է հավերժ շարունակել:
Զարմանալի չէ, որ անընդհատ նման արտահայտություններ լսելով, շատ երեխաներ մեծանում են ու սկսում են սեր փնտրել ամեն տեղ ու սեր խնդրել բոլորից, բացի իրենցից:
Սիրել և գնահատել ինքդ քեզ՝ անկախ ունեցածդ հաջողություններից
Կապ չունի՝ որքան շատ ձեռքբերումների ենք հասել կյանքում, որով իսկապես կարող ենք հպարտանալ, որքան շատ իրեր ունենք, որոնք, թվում է, լցնում են մեր կյանքը, կապ չունի՝ որքան շատ են սիրում մեզ հազարավոր, թեկուզ միլիոնավոր մարդիկ, մենք երբեք չենք կարող երջանիկ լինել, քանի դեռ չենք սովորել սիրել ու գնահատել ինքներս մեզ:
Սիրել ոչ թե նրա համար, թե ինչերի ենք հասել, այսինքն՝ պայմանականորեն, ինչպես սովորեցրել են մեզ ծնողները, ուսուցիչները, այլ սիրել անպայմանականորեն, սիրել ինքներս մեզ նրա համար, որ մենք կանք, սիրել ուղղակի՝ առանց որևէ պատճառի կամ բացատրության:
Եթե առաջին անգամն եք լսում ինքներդ Ձեզ անպայմանականորեն սիրելու մասին այս գաղափարը, գուցե այն Ձեզ տարօրինակ թվա, բայց հավատացե՛ք, որ ինքներս մեզ սիրելը, ինքներս մեզ հետ ներդաշնակ լինելը մեր բոլորիս բնական վիճակն է, որով մենք լույս աշխարհ ենք գալիս:
Աշխարհում չկա երեխա, ով չի սիրում իրեն կամ ով իր յուրօրինակ, ինքնատիպ լույսի ու ներդաշնակության մեջ չէ, իհարկե մինչ այն պահը, երբ կյանքից իբր շատ բան հասկացող մեծերը սկսում են այդ երեխաներին թելադրել պայմանական սիրո կանոնները՝ լի «եթե»-ներով:
Ահա այն խորհուրդները, որոնք կօգնեն Ձեզ սիրել ու գնահատել ինքներդ Ձեզ:
Դու արժանի ես սիրված լինելու
Քայլ 1-ին՝ բա՛ց թողեք այն գաղափարը, որ Դուք պետք է ինչ-որ ստանդարտների համապատասխանեք, որպեսզի սիրելու արժանի էակ լինեք և սիրեք ինքներդ Ձեզ:
Դուք նույնչափ արժանի եք սիրելու ինքներդ Ձեզ, եթե հիմա հաջողակ, կայացած կամ մյուսների հիացմունքին արժանացող մարդ եք ԵՎ եթե համարում եք, որ կյանքում ոչնչի էլ չեք հասել, շփոթված եք ու Ձեր տեղը չեք գտնում:
Ընդունի՛ր և սիրի՛ր քեզ այնպիսին, ինչպիսին կաս
Քայլ 2-րդ՝ ինքներդ Ձեզ սիրելու ճանապարհի երկրորդ քայլն այն է, որ սկսեք ճանաչել և ընդունել Ձեզ այնպիսին, ինչպիսին կաք: Շատերին կարող է թվալ, որ երբ ասում ենք՝ սիրե՛ք Ձեզ այնպիսին, ինչպիսին կաք, ապա դա նշանակում է՝ շարունակե՛ք մնալ այնպիսին, ինչպիսին կաք ու երբեք մի՛ փոխվեք:
Բայց դա այդպես չէ: Որքան էլ տարօրինակ է հնչում, մենք կարող ենք սկսել դառնալ ավելի լավը, փոխվել դեպի լավը այն պահից սկսած, երբ մենք ճանաչում ենք ինքներս մեզ ու ընդունում ենք մեզ որպես ամբողջություն՝ մեր բոլոր դրական ու բացասական հատկանիշներով, մեր ուժեղ և թույլ կողմերով:
Արևիկ Հայրապետյանը կոչ է անում բացահայտել, ընդունել ու սիրել մեր բացասական հատկանիշներն ու թույլ կողմերը, չփորձել ժխտել կամ հերքել այդ հատկանիշների գոյությունը, չամաչել դրանցից. չԷ՞ որ այդ «վատ» հատկանիշները տրված են մեզ, որպեսզի մենք աշխատենք նրանց վրա, դրանով իսկ փոխվենք ու դառնանք ավելի լավը:
«Օրինակ, եթե ես ճանաչում և ընդունում եմ ինքս ինձ, ապա կարող է պարզ դառնալ, որ հակված եմ ծուլանալ: Եվ իհարկե, ես կարող եմ փոխել իմ այդ հատկանիշը, միայն այն դեպքում, երբ ընդունեմ իմ՝ ծույլ լինելու փաստը, իսկ եթե շարունակաբար ժխտեմ այն, ապա փոխելու ոչինչ չի լինի ու ես կշարունակեմ ծույլ մնալ»:
Կարևոր է ընդգծել, որ ինքնաճանաչումը, ինքներս մեզ ընդունելն ու սիրելը այնպիսին, ինչպիսին մենք կանք, ոչ թե քայլ է, որ Դուք անելու եք կյանքում մեկ անգամ, ու բոլոր Ձեր հարցերը կլուծվեն, այլ սա քայլ է, որ Դուք պետք է անեք պահ առ պահ. ինքնաճանաչումը և ինքներս մեզ ընդունելն անվերջ պրոցես է:
Բարի՛ եղիր և հոգատար ինքդ քո նկատմամբ
Քայլ 3-րդ՝ ուղղակի թու՛յլ տվեք ինքներդ Ձեզ սիրել ինքներդ Ձեզ: Հավատացե՛ք միակ մարդը, ում սիրո կարիքը Դուք ամենաշատն ունեք, Դուք եք: Հատկապես այն պահերին, երբ բարկացած եք ինքներդ Ձեզ վրա կամ մտքում նախատում եք ինքներդ Ձեզ:
Ենթադրենք վատ օր եք ունեցել կամ ձախողել եք ինչ-որ կարևոր նախագիծ աշխատանքի վայրում: Ի՞նչ եք ասում ինքներդ Ձեզ այդ պահին մտքում. «Ի~նչ անուշադիրն եմ ես, ինձնից բան դուրս չի գա»:
Այդ պահին հիշե՛ք Ձեզ շատ սիրելի մարդու, օրինակ՝ Ձեր երեխային կամ մոտ ընկերոջը, հարցրե՛ք ինքներդ Ձեզ. «Ինչպե՞ս կվերաբերվեի այդ մարդուն նման իրավիճակում»:
Ամենայն հավանականությամբ, Դուք այդ մարդու նկատմամբ շատ ավելի բարի կգտնվեիք, քան ինքներդ Ձեր նկատմամբ: Հավանաբար Դուք այդ մարդուն կասեիք. «Բան չկա, բոլորի մոտ էլ պատահում է, մյուս անգամ ավելի լավ կաշխատես նախագծիդ վրա»:
Ձեր նկատմամբ Ձեր մեջ սեր սերմանելը միանգամից տեղի չի ունենալու, հակառակը, այն ասես «մկան» լինի, որն ամեն օր պետք է մարզեք ու, բնական է, որքան շատ մարզեք այդ «մկանը», այնքան ավելի հեշտ կլինի Ձեզ համար սիրել ինքներդ Ձեզ և այլ մարդկանց:
Կայզեն TV-ի մասին
Շնորհակալ ենք Կայզեն TV-ի այս հաղորդմանը հետևելու համար:
Եթե այն օգտակար էր Ձեզ համար, ապա կիսվեք այս տեսանյութով սոցիալական մեդիայի Ձեր էջերում և բաժանորդագրվեք մեր ալիքին:
Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :)
Ձգտե՛ք Կատարելության...
Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտ
Comments